ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ARMENIAN PRINCELY UNION
ՀԻՄ
Հայոց Իշխանաց Միությունը անկախ, ոչ-կառավարական հասարակական կազմակերպություն է որը միավորում է Հայքի (ներառյալ Արցախի) և աշխարհի տարբեր ծայրերում բնակվող Հայոց իշխանական տոհմերի անդամներին ու ժառանգներին, ուղղորդելով նրանց ներուժն ու եռանդը ավանդական, հոգևոր (աշխարհիկ), կրթական, մշակութային, և հասարակական պահանջների բավարարմանը՝ հիմք ունենալով հայոց միապետական, ազնվական և տոհմիկ ազգային ավանդույթներն ու կարգերը: Միությունը շահույթ չհետապնդող կառույց է:
Միությունը գործում է Հայքի Սահմանադրության, Հայքի գործող օրենսդրության, Հայքի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և իր Կանոնադրության համաձայն: ՀԻՄ-ն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, իրավահավասարության, հրապարակայնության, կամավորության, ինքնաֆինանսավորման, ինքնակառավարման և ղեկավարման կոլեգիալության սկզբունքներով:
ՀԻՄ-ը գործում է Հայքի ողջ տարածքում, արտասահմանյան երկրներում ունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ այդ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Միության նպատակներն են.
-
Միավորել հայկական ազնվականությանը և հայ ազնվականական տոհմերի անդամներին ու ժառանգներին ՝ սերունդների պատմական առաքելության վերականգնելու և շարունակելու մտայնությամբ:
-
Նպաստել պատմական Մեծ Հայքի Արքայության վերականգնմանը, միավորմանն ու ամրապնդմանը, սույն նպատակի իրականացման շուրջ համայն հայության համախմբումով:
-
Վերածնել և զարգացնել հայոց պետականությունը պատմականորեն հայկական պետական ավանդույթների հիման վրա, վերականգնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման պատմականորեն ձևավորված հայկական կարգը:
-
Ձևավորել հայ ազգային ինքնագիտակցությունն ու հանրային գիտակցությունը նախնյաց հոգևոր արժեհամակարգի և Հայոց պատմական ավանդույթների հիման վրա:
Ով և ինչպես կարող է անդամակցել
Հայոց Իշխանաց Միությանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԶԳՈՒՇԱՑԵՔ ԻՆՔՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԻՑ
Խաբեությամբ չեն ազնվականանում: Ազնվական դառնալու համար մի փորձեք ձեզ տոհմական բարձր ծագումներ վերագրել, իբր «տատս պատմում էր, որ մենք Բագրատունի էինք» կամ «պապս ասել էր, որ մենք Վարդան Մամիկոնյանի տոհմից ենք». դրանք շատ տարածված ստեր են: Նաև մի փորձեք ձեզ կամ ձեր նախնիներին ինչոր «տիտղոսներ» վերագրել. տիտղոս կարող է շնորհել բացառապես գահակալող միապետը, հայ տիտղոսավոր տոհմերի ստույգ ազգանուններ ու ցանկեր կան, որոնք հիմնված են հայոց պատմության բնագրերի տվյալների վրա: Ինքնակոչությունը գողության ամենաստոր տեսակն է, և ինքնակոչությանը դիմելով, դուք մեկընդմիշտ կփակեք ձեր առջև ազնվականության դռները:
Ազնվականությունը հիմնված է ազնվության, պարկեշտության և պատվի հստակ օրենքների վրա: Այն բաց համակարգ է, այսինքը սկզբունքորեն հասանելի է ամեն մի անձի՝ համաձայն իր և իր նախնիների առաքինությունների:
Ծանոթացեք Հայոց Ազնվակարգին և ստորև ներկայացված ՀԻՄ անդամության կանոններին:
ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Կազմակերպությունն ունի անդամության երեք կարգավիճակներ` իսկական, համակիր, պատվավոր:
Կազմակերպության իսկական անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած ցանկացած անձ, ով սերում է հայոց իշխանական որևէ տոհմից, անձնագրով կրում է այդ տոհմանունը (ազգանունը), ընդունում և խստորեն հետևում է Հայոց Ազնվակարգին և ՀԻՄ Կանոնադրությանը, իր գործունեությամբ նպաստում է Միության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանը, և մուծում է սահմանված անդամավճարները:
Տոհմն ունի վետոյի իրավունք իր տոհմակիցների կազմակերպությանն անդամակցելու հարցում:
Կազմակերպության համակիր անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած ցանկացած անձ, ով ընդունում և խստորեն հետևում է Հայոց Ազնվակարգին և ՀԻՄ Կանոնադրությանը, իր գործունեությամբ նպաստում է Միության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանը, և մուծում է սահմանված անդամավճարները:
Կազմակերպության պատվավոր անդամի կարգավիճակն ու իրավունքները սահմանվում են Իշխանաց Խորհրդի որոշմամբ առանձին կարգով:
Կազմակերպությանն անդամակցման հայցը ներկայացվում է ՀԻՄ Իշխանաց Խորհրդին գրավոր դիմումով՝ մուծելով մուտքավճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է Կազմակերպության Իշխանաց Խորհրդի կողմից:
Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձը Իշխանաց Խորհրդին ուղղված գրավոր դիմումի հետ միասին ներկայացնում է տոհմաբանական փաստաթղթեր, արժանահավատ ապացույցներ կազմակերպության տոհմաբանական գործակալության եզրակացությունը ստանալու նպատակով:
Անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո եռամսյա ժամկետում Տոհմագիտական Խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է կազմակերպության Իշխանաց Խորհրդին:
Տոհմագիտական Խորհրդի եզրակացությունը ստանալուց հետո, Իշխանաց Խորհուրդը մեկ ամսվա ընթացքում կայացնում է կազմակերպությանն անդամակցելու խնդրանքով դիմած անձին կազմակերպության շարքերն ընդունելու կամ մերժելու մասին պատճառաբանված որոշում: